Դաղստանցի աշխատավորների անբարո պահվածքը վտանգավոր է դարձրել իրավիճակը Սոչիում. քաղաքի հայերը մտահոգված են
ՌԴ Սոչի քաղաքի «Գարուն» հանգստյան տան կինոդահլիճում մայիսի 12-ին կայացել է հայկական համայնքի հանդիպումն ազգային փոքրամասնությունների ու Մեծ Սոչի հասարակական միավորման ներկայացուցիչների հետ: Ինչպես գրում է «Երկրամաս» թերթը, հանդիպման հիմնական թեման եղել են քաղաքի բնակիչների ու Հյուսիսային Կովկասի պետություններից աշխատելու նպատակով Սոչի ժամանած մարդկանց միջև փոխհարաբերությունները:
Ըստ «Երկրամաս»-ի` Սոչիի հայ երիտասարդությունը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել օրեր առաջ երիտասարդ մարզիկ Յուրի Գարանյանի սպանության փաստի հետ ու բացատրություններ է պահանջում համայնքի ու սփյուռքի ներկայացուցիչներից, քաղաքի առաջին դեմքերից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, 24-ամյա թեքվոնդիստը սպանվել էր մայիսի 1-ին, զանգվածային ծեծկռտուքի ժամանակ: Սպորտի վարպետը դանակի հարված էր ստացել սրտի շրջանում, ինչից հետո ավտոմեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել մարզիկի կյանքը:
Հատուկ այս հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայից Սոչի է մեկնել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերման Անանյանցը: 200 հոգու համար նախատեսված կինոդահլիճը լեփ-լեցուն է եղել:
Հանդիպման սկզբում ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են մարզիկի հիշատակը: Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի նախագահ Հրաչ Մակեյանն իր ելույթում ` վկայակոչելով իրավապահներին, նշել է, որ բոլոր մեղավորները ձերբակալված են և կկրեն իրենց հասանելիք պատիժն օրենքի ողջ խստությամբ:
Բոլոր ներկաներն անհանգստություն են հայտնել քաղաքում վերջին ժամանակներում լարված մթնոլորտի կապակցությամբ: Ըստ նրանց` երեկոյան ժամերին Սոչիում զբոսնելը դարձել է մահու չափ վտանգավոր, քանի որ դաղստանցի աշխատավորները խմբերով քայլում են փողոցներով` երբեք չզիջելով ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ տարեցներին, և անհանգստացնելով անցորդ կանանց ու աղջիկներին:
Ելույթ ունեցողները փորձել են հանդարտեցնել կրքերը` խոստանալով, որ մոտ ժամանակներում քաղաքում իրավիճակը կընկնի բնականոն հունի մեջ: Նշվել է, որ մայիսի 20-ին նույնպես Սոչիի ազգային միավորումների հավաք տեղի կունենա, որին կմասնակցի Հայերի համաշխարհային կոնգրեսի ու Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Խոստացել են մասնակցել նաև Սոչիի` Դաղստանի համայնքի ղեկավարները:









