Իսպանիայում հակակապիտալիստական հզոր ցույցեր են անցնում

00:13 • 14.05.12

Նվազագույնը 18 ցուցարար է իրավապահների կողմից ձերբակալվել Իսպանիայում այսօր՝ հակակապիտալիստական ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մադրիդ քաղաքում: Չենթարկվելով ցույցը արգելող որոշմանը՝ հակակապիտալիստները ամբողջ գիշեր մնացել են Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում՝ բողոքելով կառավարության կիրառած խիստ միջոցների դեմ, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Գործակալությունը հաղորդում է, որ վաղ առավոտյան ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում երկու իրավապահ է վիրավորվել։


Շաբաթ օրը Իսպանիայի խոշոր քաղաքներում հզոր ցույցեր անցկացվեցին. երկրով մեկ ավելի քան 100 հազար ցուցարարներ էին դուրս եկել փողոցներ: Միջոցառումները իրականացնում էին Մայիսի 15-ի շարժման աջակիցները, ովքեր հավաքվել էին՝ նշելու  կառավարության ֆինանսական կոշտ մեթոդների դեմ ցույցերի սկսվելու մեկ տարին:

 

Չորսօրյա ակցիաներ են անցնում գործազրկության բարձր մակարդակի և կառավարության կողմից սոցիալական ծրագրերին սակավ բյուջետային հատկացումներ տրամադրելու դեմ՝ որպես բողոքի նշան:

 

Իսպանիայի վարչապետն այսօր հայտարարել է, որ այդ միջոցները անխուսափելի են՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական ծանր վիճակը:
 

Գործազրկությունը Իսպանիայում հասել է 24 տոկոսի: Գործազուրկների կեսը երիտասարդներ են: