Լվացվում են Երևանի շենքերը, լուսավորվում՝ բակերն ու փողոցները

16:33 • 14.05.12

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:

 

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ Երևան քաղաքի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաև բարեկարգվող բակերն ու այգիները:

 

Անդրադառնալով բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին, Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել. «Դա մեծ ձեռքբերում է և բոլորիս պարտքն է պահպանել այդ տարածքները` ընթացքում ավելացնելով դրանց թիվը»,- նշել է քաղաքապետը: