Թբիլիսիում փլուզվել է Սուրբ նշանի գմբեթը և Օրթաճալայի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատը
Վրաստանի մայրաքաղաքում անցած գիշեր փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը։
Ստեփանյանը հայտնեց նաև, որ Սուրբ նշանը լրջորեն տուժել է, և հավելեց, որ մոտ 2 ամիս առաջ Վրաստանի պատրիարքարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վրաստանի իշխանությունները կամրապնդեն Սուրբ Նշանի պատերն ու հիմքը։ Սակայն, այս փլուզումից հետ խոսքն այլևս ոչ թե ամրացման, այլ կառուցման մասին կարող է լինել։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ջրհեղեղի հետևանքով հայկական եկեղեցի է փլուզվել: Մասնավորապես Взгляд-ը գրել է, որ փլուզվել է 18-րդ դարի հայկական եկեղեցի՝ չմանրամասնելով եկեղեցու անունը։
Վերջինիս տեղեկացմամբ, բացի Սուրբ Նշանը փլուզում է տեղի ունեցել նաև Թբիլիսիում գտնվող մեկ այլ՝ Օրթաճալայի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցում։ Փլուզվել է եկեղեցու պատը։
Սուրբ Աստվածածնի եկեղեցին, Առնոլդ Ստեփանյանի տեղեկացմամբ, վաղուց չգործող եկեղեցի է և կորցրել է եկեղեցու իր նշանակությունը։ «Կոմունիստների օրոք բազմաթիվ եկեղեցիներ պայթեցվել էին, վերածվել գրադարանի, իսկ Օրթաճալայի եկեղեցում ժողովուրդ էր ապրում: Սա եկեղեցի չէր, որովհետև միայն պատերն էին մնացել»,- ասաց «Բազմազգ Վրաստան» ՀԿ նախագահը։
Հիշեցնենք, որ մեկ այլ փլուզում Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունեցել այս տարվա սկզբին։ Մասնավորապես հունվարի 9-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով փլուզվել էր եկեղեցու մի մասը, ինչի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վրաստանին կոչ էր արել անհապաղ քայլեր ձեռնարկել փլուզումից փրկելու եկեղեցին։
Մասնավորապես, Գերագույն հոգևոր խորհրդի նիստում Մայր Աթոռն ընդունել էր հայտարարություն, որում իր անհանգստությունն էր հայտնել կատարվածի վերաբերյալ և Վրաստանին կոչ արել պահպանել հայկական մշակութային ժառանգությունը:
«Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրհայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերին` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից ՍԲ Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»,- ասվում էր հայտարարության մեջ:
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Tert.am–ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը ոչ թե ամրացման, այլ կոնսերվացման մասին է։ Վերջերս «Դար 21» անվանումն ունեցող հայկական հասարակական մի կազմակերպություն իր հրավիրած ժողովին, որին մասնակցել է նաև Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչը, առաջարկել է կոնսերվացնել Սուրբ Նշանը, սակայն վրաց եկեղեցու ներկայացուցիչները դա անիմաստ են համարել, նշելով, որ նման աշխատանքներ կատարվել են։
Առնոլդ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ այսօրվա դրությամբ Թբիլիսիում «հետջրհեղեղային» իրավիճակը արդեն բարվոք է, ահագին տարածքներ մաքրված են, ենթակառուցվածքները վերականգնված:
«Մաքրում են, վերջացնում են։ Որ ասենք շատ մեծ կատաստրոֆա էր, չէ, էդպես չի։ Մի քանի տուն է քանդվել, պլյուս՝ ճանապարհները»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:
Ի դեպ, վերջինս հավաստեց նաև, որ Վրաստանի մայրաքաղաքում շաբաթ գիշերը լույս կիրակի տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված հինգ անձանց և անհետ կորածների թվում չկան հայեր: Զոհվածները հիմնականում Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում գտնվող բարակների բնակիչներ են, այսպես կոչված «Թիֆլիսի հյուրերը», ովքեր Վրաստանի մայրաքաղաք արտագնա աշխատանքի եկել են Վրաստանի գյուղական շրջաններից: Առնոլդ Ստեփանյանը հավելեց նաև, որ Օրթաճալայում հայեր բնակվում են:
Նշենք, որ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանից փրկարարական օգնություն տրամադրվելու է Վրաստանին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործող 911 ծառայությունից հայտնեցին, որ այս մասին դեռ որոշում չկա:









