Տիգրան Կարապետյանը չի լքում Հայաստանը, այլ գնում է «օտպուսկ»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ոչ թե լքում է Հայաստանը, այլ գնում է հանգստանալու:
«Ես ոչ թե լքում եմ Հայաստանը, այլ գնում եմ օտպուսկ»,- Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց Ժողովրդական կուսակցության նախագահը:
Տեղեկացնենք, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը նշել էր, թե Տիգրան Կարապետյանը հունիսի 1-ին կմեկնի Հայաստանից և դժվար է ասել` կրկին կվերադառնա՞, թե՝ ոչ:
Տիգրան Կարապետյանն այլ մանրամասներ չհայտնեց, թե ե՞րբ և որտե՞ղ է պատրաստվում իր արձակուրդն անցկացնել, միայն իր վրդովմունքն արտահայտեց հետևյալ կերպ. «Լքո~ւմ եք, գնո~ւմ եք, չեմ հասկանում, եթե ձեզ էդքան շատ է հետաքրքրում իմ գնալ-չգնալը, բա մի անգամ էլ ընտրություններից առա՞ջ զանգեիք, ասեիք, պարոն Կարապետյան, ո՞նց ես, ի՞նչ ես»,- բարկացած եզրափակեց մեր հեռախոսազրույցը Տիգրան Կարապետիչը:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը, ով մեծամասնական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու մասնակցում էր մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, պարտվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարինե Պողոսյանին, ով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է:









