Յանուկովիչն Արևմուտքին կոչ է անում չստորացնել Ուկրաինան

18:07 • 14.05.12

Կիևը կիսում է ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կատարվածի շուրջ միջազգային հանրության անհանգստությունը, սակայն թույլ չի տա ստորացնել երկիրը: Այս մասին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Դոնեցկում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա ընդգծել է, որ Կիևը հաշվի է առնում այս հարցի շուրջ «դրսի նկատողությունները», սակայն դեմ է երկիրը ստորացնելու փորձերին:

 

«Շատ կարևոր է, որ մեզ չստորացնեն»,- ասել է նա` հավելելով, որ իշխանություններն անում են հնարավորը նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Տիմոշենկոն բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին ծեծի էր ենթարկվել:

 

Յանուկովիչը հերթական անգամ հայտարարել է, որ «Տիմոշենկոյի գործը» բազմակողմ է, ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ կողմեր: «Միանշանակ, մենք պարտավոր ենք ապահովել որակով բուժմամբ (վարչապետին)»,- հավելել է նախագահը:

 

Այսօր Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հերթական անգամ անհանգստություն է հայտնել Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առումով և հայտարարել է, որ ԵՄ Խորհուրդը կքննարկի այստեղ ամռանն անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը քաղաքականապես բոյկոտելու հարցը:


Բրյուսելում անցկացվում է ԵՄ Խորհրդի` ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ուկրաինական հարցը:


Մայիսի 8-ին Ուկրաինան չեղյալ էր հայտարարել Յալթայում նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գագաթնաժողովի անցկացումը` անդամ երկրների ներկայացուցիչների` մասնակցությունից հրաժարվելու պատճառով: Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են նաև Եվրո-2012-ի խաղերի ժամանակ այս երկիր այցելություններից: