ԵԱՀԿ ՄԽ–ն բավական ուշ է անդրադառնում մշակութային տարածքների պահպանությանը. քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին ուշացումով են անդրադառնում մշակութային և պատմական արժեք հանդիսացող տարածքների պահպանության խնդրին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով համանախագահների`մայիսի 14-ին տարածած հայտարարությունը:
Քաղաքագետը միևնույն ժամանակ նշեց, որ կարևորում է նրանց մոտեցումը, քանի որ մշակութային կողմը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեխանիզմներից մեկն է:
«Բացի իրավական կարգավորման մեխանիզմներից, հնարավոր են նաև այլ մեխանիզմներ` ինչպես նախորդ տարի ավելացել է տնտեսական, մշակութային կապերի հաստատումը, առանց որոնց հնարավոր չէ փոխըմբռնումը»,– ընդգծեց նա:
«Ահա թե ինչու համանախագահները ճիշտ քայլ են արել` կարևորելով հուշարձանների պահպանության հարցը, բայց նրանք շատ ուշացումով են անում, քանի որ բազմաթիվ հուշարձաններ են ավերվել՝ Քռից անդին և այս կողմ»,- նկատեց քաղաքագետը:
Նրա խոսքով, մշակութային հուշարձանների ոչնչացման դեպքում, թշնամական վերաբերմունք է ձևավորվում, ինչը ավելի է դժվարացնում խնդրի կարգավորումը:
«Բանն այն է, որ հաշտեցման կամ փոխըմբռնման պայմաններից մեկը մշակութային ժառանգության հարգումն է, հակառակ դեպքում, եթե այն ոչնչացվում է, դա խոսում է թշնամական վերաբերմունքի մասին, ինչը չի կարող, ուղղակի, ապահովել կարգավորման գործընթացը»,- ասաց քաղաքագետը:









