Արմեն Գևորգյանն ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին

21:55 • 15.05.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:


Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության համար` նկատելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև փոխգործակցությունն ընդլայնվում է: Երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում կարևոր և հետաքրքիր նախագծեր, որոնց իրականացումը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, առավել կսերտացնի հարևան և բարեկամ երկրների միջև կապերը:


Ա. Գևորգյանը բավականին արդյունավետ համարեց նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը. վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև միջմարզային կապերը դինամիկ կերպով զարգանում են և ընդլայնում աշխարհագրությունը: Փոխվարչապետը նշեց դեսպանի անձնական ներդրումն այդ աշխատանքներում և հաջողություններ մաղթեց դիվանագետին հետագա գործունեության մեջ:


Դեսպանն իր հերթին գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքից` նշելով, որ վերջին տարիներին նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվել, իսկ նոր նախագծերը փոխգործակցության լայն հեռանկարներ են բացում: Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` նա նկատեց, որ դրանք արդեն ներառում են բոլոր բնագավառները, և առկա են այդ կապերը խորացնելու մեծ հնարավորություններ:


Դիվանագետն ավելացրեց, որ հեռանում է ջերմ հիշողություններով և կշարունակի պահպանել կապը Հայաստանի հետ: