Սպառողների միության նախագահը դեմ չէ գենետիկորեն ձևափոխված սննդին

19:06 • 15.05.12

Հայաստանի «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը «մեկ բաժակ ջրում փոթորիկ է» համարում Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված էր «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Tert.am-ի հետ զրույցում Արմեն Պողոսյանը նշեց, որ գենետիկորեն ձևափոխված սնունդը՝ գոյություն չունեցող պրոբլեմ է:
«Այն մարդիկ, ովքեր իրենց ձևացնում են էկոլոգներ, նրանց գլխում մի միտք է սավառնում, որ գենետիկորեն ձևափոխված սնունդը վտանգ է պարունակում: Դա մտացածին և վտանգավոր գաղափար է. նման վտանգ չկա, այս մասին որևէ գիտական գրականություն չկա: Բացի այդ, ասեմ, որ այդ սնունդը, ինչպես մտնում է, այնպես էլ դուրս է գալիս մարդու օրգանիզմից»,- ասաց Արմեն Պողոսյանը, ով համարում է, որ այս նախագծով կառավարությունը ևս տուրք է տալիս մոդային:


Հիշեցնենք, որ այսօր գործադիրը որոշել էր հետ կանչել ԱԺ ներկայացված համանուն օրենքը և այն ենթարկել այնպիսի լրամշակման, որ, ինչպես նշել էր վարչապետը, համապատասխան ռեժիմի սահմանմամբ, արգելվի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների ներմուծումը Հայաստան:


Արմեն Պողոսյանին բարկացրեց Tert.am-ի հարցը, թե «Սպառողների միության» նախագահը ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ համացանցն ու հեռուստատեսությունը ողողված են գենետիկորեն ձևափոխված սննդի վտանգների մասին պատմող նյութերով, ինչին ի պատասխան նա ասաց, որ նման «գրականություն» իր մոտ ոչ միայն «դրած է», այլև «ծփում է»: