Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է. ըստ Ծովինար Նազարյանի՝ վկաները լրացուցիչ ցուցմունքներից խուսափում են

19:17 • 15.05.12

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, վկաների բացակայության պատճառով, այսօր հետաձգվել է պայմանագրային զինծառայող, «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը:

 

Tert.am-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը հիշեցրեց, որ վերջին երկու առանցքային վկաներից մնացել են հարցաքննվելու Արման Մնացականյանը և Արթուր Մկրտչյանը, որոնց նկատմամբ կիրառվում է պաշտպանական միջոց և այն իրականացնում է ոստիկանությունը: Մինչդեռ, ըստ Ծովինարի, նրանց ներկայությունը ոստիկանները չեն կարողանում ապահովել:

 

«Դատավորն ասաց, որ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, բայց ըստ էության, ոստիկանությունը բերման ենթարկելու ակտը կատարելու փոխարեն, ասաց, որ վկաներից Արման Մնացականյանը հեռացել է Հայաստանից բուժման նպատակով, իսկ Արթուր Մկրտչյանը գտնվում է Ղարաբաղում և նրա մասնակցությունը դատական նիստին կապահովեն հաջորդ անգամ»,-տեղեկացրեց Ծովինար Նազարյանը:

 

Ծովինար Նազարյանը համոզված է, որ նախաքննության ընթացքում վկաներից կեղծ ցուցմունք է կորզվել, որի հիման վրա էլ կազմվել է մահվան վարկածը և նրանք, ամեն կերպ, դատարանում խուսափում են լրացուցիչ ցուցմունքներից:

 

Ծովինար Նազարյանը հիշեցրեց, որ գործում՝ առանցքային 4 վկաներից Գարեգին Սայադյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ Բերդի ոստիկանություն տանելու երրորդ օրը նրանցից 4-ին՝ Արման Մնացականյանին, Արթուր Մկրտչյանին, Գարեգին Սայադյանին և Արտակ Հովհաննիսյանին, ռազմական ոստիկանությունը պահել է մեկ խցում: Ըստ Նազարյանի, հենց դրանով էլ բացատրվում է նրանց ցուցմունքների նույնանմանությունը, որոնց հիման վրա էլ կազմվել է նախաքննական վարկածը:

 

Ծովինար Նազարյանը նաև հավելեց, որ այսօր իրենք ցանկանում էին միջնորդություն ներկայացնել՝ նիստերը կրկին Երևան տեղափոխելու համար, քանի որ դատարանը նիստը տեղափոխել էր Տավուշի մարզ՝ պատճառաբանելով, որ հիմնական վկաներն այստեղից են և իրենց համար դժվար կլինի նիստերին մասնակցելը:

 

«Հիմա արդեն մնացել են երկու վկաներ, որոնցից Արման Մնացականյանը Արմավիրի մարզից է, իսկ Արթուր Մկրտչյանը՝ Սյունիքից»,-ասաց նա և հավելեց, որ այսօր չհասցրեցին ներկայացնել միջնորդությունը և դա կանեն հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 22-ին: