Նորապսակները «Տեր եմ« և «Հնազանդ եմ» խոստումը տալիս են միմյանց օգնելու խորհրդի նկատմամբ. քահանա
Փեսան ու հարսը եկեղեցում տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս ոչ թե իրար նկատմամբ, այլ ցանկացած պարագայում միմյանց օգնելու խորհրդի նկատմամբ, այս մասին այսօր Ընտանիքի միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
«Եկեղեցում տված խոստումը պետք է պահել ամբողջ կյանքի ընթացքում: Կյանքում վեճեր միշտ լինում են, բայց եթե կա սեր, ուրեմն ամեն ինչ կհաղթահարվի: Այսօր մենք պետք է կարողանանք պահպանել հայկական ընտանիքի մեր մոդելը և չհետևենք եվրոպականին, քանի որ դա էլ գիտենք՝ ինչ բան է: Պահպանելով մեր յուրահատուկ ընտանիքը՝ պետք է զարգացնենք այն և ամեն օր հռչակենք ընտանիքի օր»,- ասաց նա։
Տեր Բաբկենը վստահություն հայտնեց, որ այսօր հայ ընտանիքների քայքայման գործում մեծ նշանակություն ունեն, հատկապես, սոցիալական խնդիրները:
«Այսօր մեր պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նորապսակ զույգերին բնակարանով ապահովի, քանի որ դա նաև մեր բնական իրավունքն է: Այս ուղղությամբ, գուցե, որոշ աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն»,- ասաց նա:
Հոգևոր հովիվը հայկական ընտանիքների քայքայման պատճառ է համարում նաև համատարած արտագնա աշխատանքը, որին մեկնում են հայ տղամարդիկ:
«Այս խնդիրը, հատկապես, մեծ է գյուղերում և հենց այդ պատճառով այլասերվում ու քայքայվում են բազմաթիվ ընտանիքներ: Նրանք տարիներով տուն չեն վերադառնում, միայն գումար են ուղարկում կամ վերադառնում են ու սեռավարակներ բերում իրենց հետ: Ստացվում է, որ հայկական ընտանիքի մասին խոսելիս ամեն անգամ վերադառնում ենք սոցիալական խնդիրներին»,- ասաց քահանան:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը հայկական բոլոր ընտանիքներին հորդորեց երեխաներ ունենալ և հարգել ընտանիքի մեծերին՝ չմոռանալով մեր արժեհամակարգի մասին:










