Բրեյվիկի դատի ժամանակ մի տղամարդ ինքնահրկիզվել է
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական նիստը, անհայտ մի տղամարդ այրել է իրեն, հայտնում է NRK-ը:
Չհաստատված տվյալների համաձայն` այսօր քաղաքային դատարանի մուտքի մոտ տղամարդն իր վրա է լցրել դյուրավառ հեղուկ ու այրել իրեն: Իսկ մինչ այրելը, նա դատարկ շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս արագորեն ծածկել են տղամարդուն հագուստով ու հանգցրել կրակը: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկն ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա: Կրկնակի ահաբեկչությունների զոհ էր դարձել 77 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացը կավարտվի ամռանը: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը նրան մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափն ահաբեկչության համար), իսկ եթե ոչ, ապա ցմահ կուղարկվի հոգեբուժարան:









