ՀԱՊԿ նիստի արդյունքներով հռչակագիր է ստորագրվել (լուսանկարներ)
Մոսկվայում ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հռչակագիրը: Նիստի աշխատանքներին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների առաջնորդները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Մոսկվայից, հռչակագրում հավաքական գնահատական է տրվում միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, կազմակերպության գործունեությանը: Փաստաթղթում հաստատվում է նաև անդամ երկրների` Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարմությունը, արտաքին քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը:
Անդամ երկրների առաջնորդները որոշում են ընդունել ՀԱՊԿ Պատվավոր շքանշանի ստեղծման մասին` որպես պետական ու հասարակական գործիչների խրախուսման ձև, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել հավաքական անվտանգության ամրապնդման, միջազգային խաղաղությանն աջակցության ու կայունության, անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում:









