Դերսիմի կորուսյալ հայ դուստրը. Radikal
Թուրքական «Ռադիկալ» օրաթերթը խոսել է Դերսիմի ցեղասպանությունը վերապրած, ինքնությունը կորցրած, վերագտած և այդ մասին բարձրաձայնած միակ հայի հետ:
«Դերսիմի ցեղասպանության վկաներից մեկն է հայազգի աղջնակը` Ասլըհանը: Քոնյա աքսորվելու տարիներին նա 5-6 տարեկան էր, իսկ անունն արդեն փոխվել էր և Ասլըհանն արդեն Ֆաթմա էր դարձել»,- պատմում է պարբերականը:
Բոլորը Ֆաթմային քուրդ են կարծել, սակայն իրականում նա Դերսիմի` տարիներ անց բացահայտված առաջին հայ աղջիկն է:
Հալիվորի Վանք գյուղում մարդիկ սպանվեցին, սակայն փոքրիկ Ասլըհանը, քեռու հետ թաքնվեց, թաքստոցում ականատեսն եղավ ողջ սպանդին և կարողացավ փրկվել: Ապա սկսվեց աքսորը: Հորաքրոջ` Իհսա Քիրեմիթջյանի և նրա երեք զավակների հետ աքսորվեց Քոնյա:
Երբ նրա անունը փոխել ու Ֆաթմա են դարձրել ընդամենը 5-6 տարեկան էր, երբ մուսուլման են դարձրել և ամուսնացրել, ընդամենը` 13: Հորաքրոջ երեք երեխաները նույնպես բռնությամբ մուսուլման դարձան:
Նա Տարիներ շարունակ թաքցրել է հայկական արմատները: Նրա ինքնությունն այնպես է փոխվել, որ անգամ հայրանուն է Հակոբից վերածվեց «Էյուփի»: Անգամ նրա թոռները նրան քուրդ էին կարծում` մինչև 2010 թ.-ը:
«Հալիվորի Վանքի` 72 տարվա լռությունը խախտեց Ասլըհանը, ինչից հետո նրա երեխաները սկսեցին ուսումնասիրել նրա արմատները: Նախ գտան այս ու այն կողմ տարածված ազգականներին, ապա հանդիպեցին նաև Դերսիմի ցեղասպանությունը վերապրած և իրենց հետ նույն ճակատագիրը կիսած այլ մարդկանց»,- գրում է պարբերականը:
«Ռադիկալը» տեղեկացնում է նաև, որ 30 մարզում արված ուսումնասիրությունների շնորհիվ մոտ 150 «կորսված աղջիկ» է գտնվել. «Ամեն նոր պատմություն մեզ հետաքրքրում է, սակայն Ասլըհանի պատմությունը շատ տխուր է: Մինչև հիմա մեր գտածները ալևի, քուրդ ու եզդի կանայք էին, սակայն Ասլըհանը տարածաշրջանում գտնված միակ հայ կինն է»:
Դերսիմի «կորուսյալ հայ դուստրը» մոտ 3 ժամ տևած զրույցում պատմել է իր կյանքի մանրամասները և դժվարությամբ է խոստովանել որ հայ է. դեռ վախենում է:
«Բեյշեհիրում ինձ նախ մի կնոջ տվեցին: Այն տունը, որտեղ ինձ որդեգրել էին, նոր «ընտանիքս» ինձ շատ էր ծեծում: Ծեծի պատճառով մի օր մատս կոտրվեց: Տանջանքներին չդիմանալով փախա տնից: Ավելի ուշ մեկ այլ ընտանիքում հաստատվեցի: Այդտեղ էլ էին ինձ բռնության ենթարկում: Ի վերջո, 13 տարեկան հասակում 35 տարեկան մեկի հետ ամուսնացրեցին ինձ, ով էլ ինձ մուսուլման դարձրեց: Քաղցած ու ծարավ շատ դաժան օրեր ունեցա: Ես դեռ երեխա էի: Անտուն, անտեր, աշխատանք չունեցող մեկն էի: Իմ երեխաներին այդ պայմաններում եմ մեծացրել»,- պատմել է Ասըլհանը:
Նա ասել է, որ հայ լինելու հանգամանքը լավ չի հիշել, գիտակցել է, սակայն ամեն կերպ փորձել է թաքցնել դա:
«Երեխաներս 1995թ.-ին իմացան: Ընտանիքս գտնելու համար շատ աշխատեցինք, սակայն որևէ արդյունքի չհասանք: Միայն 2010 թ.-ին աղջիկս պարզեց, որ փոխել են անուն ազգանունս և ես իմացա, թե որ գյուղից եմ եղել: Իմացանք, որ հայրս հայ է եղել, Հալիվորի վանքում քահանա է եղել: Իմացա, որ նա մահացել է աքսորի ճանապարհին»,- պատմել է նա:
Ասլըհան Քիրեմջյանը դեռ կրում է մանկության կրած տանջանքների հետքերը, երևում են նրա կոտրված մատները: Նա այժմ և փորփրում է է անցյալը և հաշիվ պահանջում անցյալի ցավերի համար: Նա դիմել է դատարան` հոր` Հակոբ Քիրեմիթջյանի` բռնագրավված ունեցվածքը ստանալու, ինչպես նաև ներողության ակնկալիքով:









