Միասեռականների հավաքատեղի համարվող DIY ակումբի պայթեցմանը ՀՅԴ–ականների մատը խառն է, ասում է ակումբի տնօրենը

13:17 • 15.05.12

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամները կապ ունեն մայիսի 8-ին մի խումբ երիտասարդների կողմից DIY ակումբի պայթեցման գործի հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ակումբի տնօրեն Ծոմակը՝ Արմինե Օգանեզովան:


Վերջինս ոչ միայն կարծում է, այլ ներկայացնում է փաստեր, որոնք, ըստ նրա, շա~տ-շատ են: Տնօրենի խոսքով, օրինակ, երեկ կայացած փակ դատավարության ժամանակ, արդեն իսկ Ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդներից մեկի՝ Արամեի փաստաբան Մելանյա Առուստամյանը, ով նաև դաշնակցական է, նշել է, որ իր մեղադրյալի համար սահմանված մեկ միլիոն գրավը վճարել են ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը:


Ծոմակն էլ հենց այս փաստերի վրա հիմնվելով նշեց. «Իր ծնողները, նաև պապիկը դաշնակ են, փաստաբանը նույնպես դաշնակ է, ով նշեց, որ այդ գրավը մուծել են ՀՅԴ պատգամավորները»:


Իսկ մինչ այդ, ակումբի տիրոջ նկատմամբ, արդեն իսկ ձևավորված թշնամական վերաբերմունքը նույնպես Ծոմակը վերագրեց Դաշնակցությանը, նշելով, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մի անգամ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն իրենից հարցազրույց է խնդրել, քանի որ վերջինս Թուրքիայում մասնակցել էր գեյ–շքերթի:


«Մեղավորը «Երկիր Մեդիա»-ն է, ինտերվյու տվեցի, բացվեցի իրենց առջև, հետո տեսա, թե ոնց են աղավաղել իմ ասածները և ինձ հանել բացարձակ թշնամի։ Դրանից հետո այս խնդիրներն արդեն ունեցա: Միանշանակ, դաշնակցության հետ սա կապ ունի, որը շատ լավ պլանավորված էր»,-ասաց ակումբի տնօրենը:


Բոլոր դեպքերում, չցանկանալով հարցն անձնավորել՝ Ծոմակը նշեց, որ իրենց խնդիրն է՝ նախ հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանելը, անկախ նրանից, ինչ կողմնորոշում ունի տվյալ մարդը:


Ծոմակը նաև նշեց, որ ակումբը բնակելի շենքի նկուղային հարկում է, որը գազիֆիկացված է, և հավելեց.«Պատկերացրեք, թե ի՞նչ հետևանքներ կարող էր առաջացնել այս ահաբեկչությունը»:


Ասուլիսին ներկա իրավաբան Մարինե Մարգարյանը ներկայացրեց դատարանի որոշումը, ըստ որի, ձերբակալված երկու երիտասարդներին ազատ են արձակել, մեկին՝ ստորագրության, մյուսին էլ՝ գրավի դիմաց: Փաստաբանը, նախ Ոստիկանությանը մեղադրեց ոչ օպերատիվ աշխատանքի համար, ապա ավելացրեց, որ դրանով հասկանալի է դառնում, որ ոչ միայն ակումբի տիրոջ, այլ, ընդհանրապես, հասարակության անվտանգությունն ապահովված չէ:


Մարինե Մարգարյանը նաև հավելեց, որ երիտասարդների խմբավորումը, որոնց անդամների թիվը հասնում է 30-40-ի, իրենց անվանել են «Հայաստանի սև ագռավներ» և կազմակերպված հարձակումներ են գործում ոչ միայն այս ակումբի, այլ նաև մի քանի նմանատիպ ակումբների վրա:


«Կանանց ռեսուրս» կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանին անհանգստացնում է պետական մոտեցումը նման հարցի նկատմամբ:


«Բավական բարցթողումներ ունենք, պետք է մտածել, թե ի՞նչ կարելի է անել, որ չկրկնվի»,- ասաց նա և հավելեց, որ կատարվածը պետք է դատապարտել որպես հանցագործություն «թե՛ պետական մասշտաբով, թե՛ հասարակության վերաբերմունքով», ինչը, սակայն, ըստ Ահարոնյանի, դեռևս նկատելի չէ:


«Սա նշանակում է, ինչ ուզում եք արեք, մեկ ա անպատիժ եք մնալու»,- նշեց Լարա Ահարոնյանն ու ավելացրեց.«Ի՞նչ է, համասեռամոլները չպետք է՞ ապրեն»:


Փաստաբան Լուսինե Մինասյանն էլ ներկայացրեց, որ մեղադրանք է հարուցվել ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես մեծ չափերի դիտավորությամբ վնաս պատճառելու հոդվածով, մինչդեռ, ըստ նրա, միջազգային պրակտիկայում կա իրավական մեկ այլ որակում, այն է՝ դիտավորությունը կատարվել է ատելության հողի վրա, որի իրավական սահմանումը Հայաստանում չկա:


Վերջինս մտավախություն հայտնեց, որ այս երիտասարդների ազատությունն, արդյո՞ք, վտանգ չի ներկայացնում Արմինեի՝ Ծոմակի, համար, այն դեպքում, երբ Ոստիկանությունը նույնպես դա ապահովելու համար քայլեր չի ձեռնարկում:


Վիոլետ Գրիգորյանն էլ իր հերթին դատապարտելով կատարվածը ասաց. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, որովհետև Փարաջանովը նույնպես համասեռամոլ էր»,- ասաց նա և նշեց, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք:


Վերջինս ընդգծեց, թե պատահական չէ, որ սփյուռքահայերը գալիս են և տեսնելով այստեղ տիրող մթնոլորտը, բոլոր առումներով, նրանցից 80 տոկոսը թողնում–գնում է:


Ի դեպ, Ծոմակը ընդգծեց, որ իրենց ակումբը համասեռականների ակումբ չի եղել, այլ ակումբ է բոլորի համար: «Ես չեմ կարող ստուգել ինչ մարդ է մտնում կամ չի մտնում»,- նշեց նա: