Վրաց պաշտոնյան կռվել է Սաակաշվիլիին քննադատող բնակիչների հետ (տեսանյութ)
Թբիլիսիի Իսանի- Սամգորիի փոխհամայնքապետ Բեսիկ Գազդելիանին ձեռնամարտի է բռնվել ջրհեղեղից տուժած բնակիչների հետ, հայտնում է vz.ru-ն: Պաշտոնյանին դուր չեն եկել բնակիչների` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղղված քննադատությունները:
Գազդելիանին սկսել է մեղադրել նրանց` նախագահի «զօր ու գիշեր աշխատանքը» չգնահատելու մեջ: Ի պատասխան, բնակիչներից մեկն ասել է, որ ջրհեղեղի օրը, երբ 5 մարդ զոհվեց, այդ թվում` 2 երեխա, Սաակաշվիլին բարոյական իրավունք չուներ մեկնել Սլովենիա` մինչև 17 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում Վրաստան- Հոլանդիա խաղը դիտելու համար:
Չինովնիկին այս խոսքերը ծայրաստիճան զայրացրել են, և նա մի կողմ է տարել բնակիչներից մեկին ու հարվածել նրա դեմքին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ «միջադեպը պետք չէ քաղաքականացնել»: Կռիվը նկարահանել է «Մաեստրո» հեռուստաընկերությունը:









