Վրաստանը ֆուտբոլի 2020 թ. Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ կներկայացնի

14:13 • 15.05.12

Վրաստանը միայնակ կշարունակի ֆուտբոլի 2020թ.-ի Եվրոպայի առաջնություն անցկացնելու իրավունք ձեռք բերելու համար պայքարը: Այս մասին, Trend-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Վրաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Լադո Վարձելաշվիլին:

 

Նախարարի խոսքով` սկզբնապես ծրագրված էր Ադրբեջանի հետ համատեղ հայտ ներկայացնել Եվրո-2020-ն անցկացնելու համար, սակայն պետական մակարդակով խորհրդակցություններից հետո, Բաքուն որոշել է պայքարել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու, իսկ Վրաստանը` Եվրո-2020-ի համար:

 

Վարձելաշվիլիի խոսքով` այսօր հայտերը ներկայացնելու վերջին օրն է, այդ իսկ պատճառով վրացական կողմն ՈՒԵՖԱ-ի շտաբ- բնակարան կներկայացնի համապատասխան հայտը:  Ըստ նրա`  արդեն այս տարի կվերակառուցվեն Լանչխութիի, Բաթումիի ու Զուգդիդիի մարզադաշտերը:

 

Այսօրվա դրությամբ` Եվրոպայի 2020թ. առաջնություն անցկացնելու հայտ է ներկայացրել միայն Թուրքիան: