Քննարկվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

14:48 • 15.05.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն:

 

Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խորհրդակցության մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն:

 

«Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ»,– ասել է վարչապետը:

 

«Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով»,– ավելացրել է նա:

 

Օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար: