Ընդդիմադիրները 20 մլն ռուբլու խոտ են տրորել. Մոսկվայի քաղաքապետարան
Մոսկվայի Չիստիե պրուդի ճեմուղում ընդդիմադիր ճամբարի մասնակիցները կանաչ տարածքներին հասցրել են ավելի քան 20 մլն ռուբլու վնաս (մոտ 660.000 դոլար): Մոսկվայի Բասմաննի դատարանում այսօր կայացած` ընդդիմադիրների ճամբարը վերացնելու գործով նիստում հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի բնական ռեսուրսների օգտագործման վարչության ներկայացուցիչը:
Ճամբարի վերացման դեմ հայցը ներկայացրել են Չիստոպրուդնի բուլվարի բնակիչները` անգործության մեջ մեղադրելով իշխանություններին` ոստիկանությանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանին:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, դատական նիստում քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ վնասվել է ավելի քան 2.000 քառակուսի մետր կանաչ տարածք: Այսպիսով` մեկ մետրին հասցված վնասը կազմել է 10 հազ ռուբլի:
Նիստի ավարտին դատարանը ոստիկանությանն ու կենտրոնական վարչական շրջանին պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ընդդիմության ակցիան դադարեցնելու, ճեմուղում մաքրություն կատարելու առումով:









