Հունաստանում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

18:13 • 15.05.12

Հունաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական կուսակցությունները սպառել են նոր կառավարություն ձևավորելու բոլոր հնարավորությունները: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է աջ պահպանողականների առաջնորդ Պանոս Կամենոսը, որի կուսակցությունը դեմ է հունական տնտեսության փրկության միջազգային ծրագրին:

 

Երկրում կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք, հավանաբար, կնշանակվեն հունիսի կեսերին: Մինչ նոր ընտրությունների արդյունքների հրապարակումը, երկրում կգործի ժամանակավոր կառավարություն:

 

Հարցումների համաձայն` նոր ընտրություններում հաղթելու առավել մեծ շանսեր ունի ձախ ծայրահեղական «Սիրիզա» կոալիցիան, որը նույնպես դեմ է եռյակի` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած տնտեսական ծրագրին, որը բյուջետային կրճատումներ է նախատեսում:


Եթե «Սիրիզա»-ն կրկին հաղթի, ապա Հունաստանը ստիպված կլինի հայտարարել դեֆոլտի մասին, լքել եվրագոտին ու վերադառնալ ազգային արժույթ դրախմային, ինչն էլ, իր հերթին, հարված կհասցնի եվրոպական ֆինանսական համակարգի կայունությանը: Առաջին հերթին կտուժեն բանկերն ու կառավարությունները, որոնք «առատորեն» վարկեր են տրամադրել Հունաստանին: Միայն Ֆրանսիան կարող է կորցնել մոտ 50 մլրդ դոլար:

 

Շատ տնտեսագետներ էլ մտավախություն ունեն, որ Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը կարող է «դոմինոյի էֆեկտ» առաջացնել Եվրոգոտում: