Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալն անհեթեթություն է. Եվրախմբի նախագահ
Եվրախմբի ղեկավար, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը մայիսի 14-ին Բրյուսելում կայացած` Եվրոմիության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ավարտին հայտնել է, որ իրենք չեն քննարկել Հունաստանի` եվրոգոտին լքելու հարցը, հաղորդում է Reuters-ը:
«Նույնիսկ մեկ վայրկյան իմ մտքով չի անցել, որ Հունաստանը կարող է լքել եվրոգոտին: Դա անհեթեթություն է, քարոզչություն: Հանդիպմանը մեզանից որևէ մեկը նման խոսակցություն չի բացել»,- 6 ժամ տևած հանդիպման ավարտին ասել է Յունկերը:
Իսկ Հունաստանում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Երեկ նախագահին չի հաջողվել խորհրդարանական խմբակցությունների հետ պայմանավորվածության գալ նոր կառավարության ձևավորման հարցում:
Եթե նրանց հաջողվի, այնուամենայնիվ, ձևավորել նոր կառավարություն, որը կաջակցի ԵՄ առաջարկած և ծախսերի կրճատմանն ուղղված ծրագրին, ապա Եվրոխմբի նախագահը խոստացել է վերանայել այս երկրում բարեփոխումների կատարման ժամկետների երկարացման հարցը:









