Օլանդը դարձավ Ֆրանսիայի նախագահ (լուսանկարներ)

13:30 • 15.05.12

Ելիսեյան պալատում ավարտվել է Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից` ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդին լիազորությունների հանձնման արարողությունը:

 

Օլանդը Ելիսեյան պալատ է եկել Փարիզի 15-րդ շրջանից, որտեղ բնակվում է: Չնայած մեծ թվով ուղեկցողներին, նրա ավտոշարասյունը մի քանի անգամ կարմիր լույսի տակ կանգնել է ճանապարհներին՝ ճանապարհ տալով հետիոտններին:

 

Սարկոզիի կողմնակիցները պաշտոնական նստավայրի մոտ վանկարկել են՝ շնորհակալություն, Նիկոլա:

 

Սարկոզին Օլանդին դիմավորել է շենքի մուտքի աստիճանների մոտ: Կարճատև ձեռքսեղմումից հետո նրանք մտել են նախագահի աշխատասենյակ:

 

Գործերը և «միջուկային գաղտնաբառերը» նոր նախագահին հանձնելուց հետո Սարկոզին հեռացել է, իսկ Օլանդն ուղղվել է հանդիսությունների դահլիճ, որտեղ էլ հյուրերի ներկայությամբ հռչակվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ:

 


Նախընտրական արշավի շրջանակներում Օլանդը բազմիցս ասել է, որ Սարկոզիի համեմատ «սովորական, նորմալ» նախագահ է լինելու: