Թեհրանում կայացել է «Միջկրոնական երկխոսություն» նախաձեռնության կոնֆերանսը
Մայիսի 14-ին Թեհրանում կայացել է «Միջկրոնական երկխոսության» 5-րդ հանդիպումը, որը նախաձեռնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինն ու Այաթոլա Թասխիրին 15 տարի առաջ:
Այս անգամ հանդիպումն ացել է «Կրոնի դերը հասարակության մեջ բարոյական արժեքների տարածման գործում» խորագրով: Բացման խոսքով հանդես են եկել Կրթության և ակադեմիական փոխանակման Հետազոտական կենտրոնի փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Դեհշիրին և Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
Այաթոլա Թասխիրին բարձր է գնահատել Արամ 1-ինի դերը՝ աշխարհի մակարդակով միջկնորնական երկխոսություն զարգացնելու հարցում:
Իր ելույթում Արամ 1-ինը կրոնի էություն է անվանել բարոյական արժեքները: Նա խոսել է բարոյական արժեքների հարաբերականության, դրանց քաղաքականացման և աճող անկման մասին:
Նա ասել է. «Կրոնն ունի իր աստվածային և մարդկային չափումները: Այս երկու չափումների զանազանումը կարևոր է: Հայտնությունը՝ որպես աստվածատուր իրողություն, ծնում է մարդկանց պատասխանը, որի վրա ազդում են ժամանակն ու տարածությունը: Կրոնը չպետք է վախ ու անվստահություն առաջացնի, այլ պետք է ծնի փոխըմբռնում, հանդուրժողականություն և վստահություն»:
Ներկայացվել է նաև կրոնի, հասարակության, պատմության, բարոյականության փոխադարձ կապերը դիտարկող 7 զեկույց՝ դրանց հաջորդած քննարկումներով:
Կոնֆերանսը 100-ից ավելի մարդ է մասնակցել: Դրա ավարտին համատեղ հայտարարություն է հնչեցվել, որով ընդգծվել է բարոյական արժեքների առանցքային դերը և կրոնների, մասնավորապես՝ քրիստոնեության և իսլամի միջև ավելի մեծ համագործակցության ու փոխըմբռնման կոչ է արվել:









