Հրվ. Կորեայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

16:20 • 15.05.12

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ։

 

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը։

 

Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։

 

Հոն Ջաե Հյոն «Պատվո հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ծանր զգացողություն ունեցա տեսնելով և լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հուսով եմ, որ նման ողբերգություններ երբևէ չեն կրկնվի»։

 

Պատվիրակության ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է. «Հայաստանը և Կորեան ունեն բազմադարյա պատմություն։ Երկու ժողովուրդներն էլ բազում դժվարություններ են տարել, անցել փորձությունների միջով։ Այժմ երկու երկրներն էլ բռնել են զարգացման և ժողովրդավարության ուղին»։

 

«Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն։ Ներկայում տարվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը»,– ասել է նա։

 

Նահ Յոուն Մինը, լրագրողներին ներկայացնելով իր գիրքը, ասել է, որ գրելու պատճառը եղել է այն մտահոգությունը, թե ինչպե՞ս է նման ողբերգություն պատահել 20-րդ դարի առաջին կեսին։

 

«Հրեաների հոլոքոստը ճանաչվել է, կարծում եմ ժամանակին ողջ մարդկության կողմից կճանաչվի նաև Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է»,– ասել է նա։


Պատգամավոր Նահ Յոուն Մին նույնպես գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում. «Ցանկանում եմ, որ երբեք չմարող կրակի նման համայն հայությունը միասին ապրի։ Նման ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ոճրագործության կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն»: