Քննարկվել է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում

18:18 • 15.05.12

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները, ՀՀ իշխանության և միջազգային հանրության ներկայացուցիչներն այսօր քննարկել են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:


Ըստ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության՝ միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ խտրականության վերացման և նրանց իրավունքների վերաբերյալ։


Քննարկել են նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականության, և նրանց հասարակություն ինտեգրելու խնդիրները:
Մարդու իրավունքների տեղական և միջազգային փորձագետները քննարկել են «ԼԳԲՏ անձանց մասին հասարակական կարծիք» հետազոտությունը, որը ներկայացվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից:
Բաց քննարկումները նույնպես ԼԳԲՏ անձանց ընկալման, խոսքի ազատության խնդրի և հավասար իրավունքներ երաշխավորող օրենքների հետագա կիրառման մասին են եղել։


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խոսել են խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և սեռական ու այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորության մասին:
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը ՄԱԿ-ի առանցքային սկզբունքներից է` ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որը ՄԱԿ–ի հիմնադիր փաստաթղթերից մեկն է:


Միջոցառումը կազմակերպել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Եվրոպական միության աջակցությամբ: