Մադրիդում «վրդովվածների» ցույցերը շարունակվում են

15:41 • 15.05.12

Իսպանիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում` արդեն 3-րդ օրն անցկացվող «վրդովվածների» բողոքի ակցիայի 8 մասնակցի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վերջին 3 օրերի ընթացքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 28 մարդ:


Indignados («վրդովվածները») շարժումը, որն այլ երկրներում տարածվել է «Գրավիր» (Ուոլ սթրիթը, Լոնդոնը և այլն) անվամբ, բողոքի ակցիաներ է անցկացնում իսպանական տարբեր քաղաքներում, որոնք նվիրված են շարժման հիմնադրման տարեդարձին:


Indignados-ը հիմնադրվել է նախորդ տարի` ի նշան ֆինանսական ճգնաժամի, բարձր գործազրկության, աղքատների ու հարուստների միջև տարբերության խորացման ու տնտեսական խիստ միջոցառումների դեմ բողոքի:


Նախորդ շաբաթ օրն Իսպանիայի փողոցներ էին դուրս եկել մոտ 70.000 «վրդովվածներ»: Հաջորդ օրն առավոտյան ոստիկանությունը ցրել էր ցուցարարների` Մադրիդի վրանային ճամբարը: