Մոսկվայում անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

14:21 • 15.05.12

Մոսկվայում անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Մոսկվայից, նիստի աշխատանքներին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների առաջնորդները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:


Օրակարգում են միջազգային արդի խնդիրներն ու համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նիստի սկզբում քննարկվել են ՀԱՊԿ-ի ստեղծման օրից ի վեր գործունեության հիմնական արդյունքները:


Կազմակերպության գործունեության առաջնահերթություններից են` հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, ներառյալ` ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացմանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական ոլորտում գործունեության համակարգմանն առնչվող հարցերը:


Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կընդունեն համատեղ հռչակագիր, որում հավաքական գնահատական կտրվի միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, կազմակերպության գործունեությանը:

Փաստաթղթում կհաստատվի նաև անդամ երկրների` Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարմությունը, արտաքին քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը:


Սպասվում է, որ անդամ երկրների առաջնորդները որոշում կընդունեն ՀԱՊԿ Պատվավոր նշանի ստեղծման մասին` որպես պետական ու հասարակական գործիչների խրախուսման ձև, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել հավաքական անվտանգության ամրապնդման, միջազգային խաղաղությանն աջակցության ու կայունության, անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում: