Նարեկ Կազազյանը հենց առաջին օրվանից հիացրել էր բոլորին.Գոհար Գասպարյան
Մայիսի 11-Ին Վիեննայում կայացած Դասական եվրատեսիլ-2012 16-րդ մրցույթին 3-րդ տեղը զբաղեցրած 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ըստ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի, հիացել էր բոլորին Վիեննայում հենց առաջին օրվանից:
«Առաջին օրվանից մեծ տպավորություն թողեց բոլորի վրա: Բոլորը հիացած էին Նարեկով, այդ խոսակցությունները ես անձամբ եմ լսել, երբ մոտենում էին Եվրատեսիլի ղեկավարը և այլ մարդիկ և ասում էին՝ այս պատանին ուղղակի հրաշալի էր: Համերգից հետո նվագախմբից մոտենում էին և ասում դու մեզ համար հաղթող ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Գոհար Գասպարյանը:
Նշենք, որ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել էր նույնպես հայազգի մասնակից՝ ջութակահար Էմանուել Ճգնավարոյանը, իսկ առաջին տեղը գրավել էր Նորվեգիան ներկայացնող Էյվինդ Հոլթսմարկը:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի կարծիքով՝ այդ մրցույթին Նարեկի մասնակցությունն մեծ հաջողություն էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում:
«Մեծ հաջողություն է մեզ համար, այն իմաստով, որ Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում: Մենք, իհարկե, սպասում էինք, դիտում էինք նրա փուլ առ փուլ առաջընթացը»,- ասաց փոխնախարարը:
Նրա կարծիքով՝ հայազգի պատանիների հաղթանակը նաև հայկական մանկավարժական դպրոցի հաղթանակն էր, քանի որ Էմանուելը ևս ուսանել է Երևանի Սպենդիարյանի անվան դպրոցում: Այդ իսկ պատճառով Նարեկ Կազազյանի մասնակցությունը լավագույնս նախապատրաստելու համար Նարեկի ուսուցիչներին` Անահիտ Հովսեփյանին, Ծովինար Հովհաննիսյանին, և Նարեկին բեմում նվագակցող Անահիտ Դիլբարյանին Արթուր Պողոսյանը շնորհակալագրեր հանձնեց
Նարեկը, նախ շնորհակալություն հայտնեց իր հաղթանակի մեջ ներդրում ունեցող անձանց, ապա ասաց, որ շատ տպավորված է Վիեննայի սիմֆոնիկ նավագախմբով, որի հետ նվագելն իր համար մեծ պատիվ էր:
Նրա խոսքով՝ մրցույթի մասնակիցների միջև լարվածություն չի եղել, այլ միայն ընկերական և ջերմ հարաբերություներ:
«Լարված մթնոլորտ չկար, ընկերական էին հարաբերությունները, ամենաշատը շփվում էինք Էմանուելի հետ»,- ասաց Նարեկը՝ ավելացնելով, որ հուզմունքը հաղթահարել իրեն օգնել է Անահիտը, ով ամեն անգամ իր հանգիստ պահվածքով հանգստացել է նաև Նարեկին:
Հարցին՝ ընդունվեց Եվրոպայում արևելյան և քիչ ծանոթ գործիքը` քանոնը, Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Հենց սկզբից մտավախություն կար, բայց շատ լավ ընդունվեց: Այնքան նորություն էր նրանց համար, որ հնչյունային ռեժիսորները չգիտեին ինչպես քանոնին ձայն դնել»,- ասաց Գասպարյանը:
Նարեկը տեղեկացրեց նաև, որ ևս մեկ մրցանակի է արժանացել Վիեննայում: Նրա խոսքով՝ ժյուրիում Լեհաստանի ներկայացուցիչը մինչև մրցույթն ասել էր, առաջին երեք մրցանակային տեղերի համար կտրվի վարպետության դասերի սերտիֆիկատ:
«Սա 1200 եվրո արժողությամբ սերտիֆիկատ է, որը հնարավորություն է տալիս անցնել մաստեր կլասներ Վիեննայում»,- նշեց Նարեկը:
Արթուր Պողոսյանը, կարևորելով պատանիների երաժշտական կրթությունը, հիշեցրեց, որ կառավարությունն արդեն 2012-2015 թթ. այդ նպատակով մշակել է գեղագիտական կրթության հատուկ ծրագիր:
«Առաջիկա տարիներին լուրջ և բովանդակային ծրագիրն այս ոլորտի համար արդեն փաստ է: Մենք ոչ միայն փորձելու ենք պատանիների մասնագիտական կարողությունները բարձրացնել, այլև դրսևորման հնարավորություններ ստեղծել և այստեղ և դրսում»:
Հիշեցնենք, որ մրցույթում Նարեկը ներկայացրել էր Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը:










