ԵԱՀԿ-ն հուլիսից կվերականգնի իր առաքելությունը Հարավային Օսիայում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մարդասիրական հարցերով կոմիտեի նախագահ Մաթեո Մեկաչին հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է արդեն հուլիսից վերականգնել առաքելությունը վրաց- օսական հակամարտության գոտում, որը դադարեցվել էր 2008թ.-ի Ռուս-վրացական պատերազմից հետո, հայտնում է vz.ru-ն:
Այս մասին նա հայտնել է վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը` հավելելով, որ հարցի շուրջ բանակցություններն օսական կողմի հետ արդեն ավարտվում են:
Ավելի վաղ Հարավային Օսիան քննադատել էր ԵԱՀԿ ներկայացուցիչների վրացամետ տրամադրությունները և հայտարարել, որ առաքելության վերականգնման համար կառույցը պետք է առանձին գրասենյակ բացի Ցխինվալիում: Դեռ հայտնի չէ` օսական կողմի որ պայմանները կբավարարվեն ԵԱՀԿ առաքելության աշխատանքների վերականգնման համար:
Պատերազմից հետո, վրաց-աբխազական ու վրաց-օսական սահմանամերձ բնակավայրերը հսկում են Եվրամիության դիտորդները:









