Ռոն Փոլը նույնպես դուրս եկավ նախագահական մրցապայքարից` մենակ թողնելով Ռոմնիին
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Ռոն Փոլը դուրս է մնացել պայքարից, սակայն հայտարարել է, որ կշարունակի արշավը` կուսակցության համագումարի պատվիրակների ձայները ստանալու նպատակով, հայտնում է vz.ru-ն:
«Ես չեմ ծախսի նախընտրական հիմնադրամից միջոցներ այն նահանգներում, որտեղ փրայմերիզ չի եղել»,- ասվում է Փոլի հաղորդագրության մեջ:
Այսպիսով` հանրապետականներից նախագահի դե-ֆակտո թեկնածուն դարձավ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Ապրիլին դստեր հիվանդության պատճառով մրցապայքարը դադարեցրել էր նաև Ռիք Սանտորումը:
Հանրապետական կուսակցության համագումարը կանցկացվի օգոստոսի վերջին, որտեղ պաշտոնապես կհայտարարվի կուսակցական միասնական թեկնածուի անունը, ով էլ կդառնա նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի մրցակիցը:
Ներկայում Ռոմնին ունի 919 պատվիրակի աջակցությունը, Փոլը` ընդամենը 82-ինը: Միասնական թեկնածուն դառնալու համար անհրաժեշտ է ունենալ 1.144 պատվիրակի ձայն: Ռոմնին հույս ունի առաջիկայում անցկացվելիք փրայմերիզում անհրաժեշտ մոտ 200 պատվիրակի ձայն ստանալ:









