Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան կանցկացվեն գրական ընթերցումներ

15:31 • 15.05.12

Մայիսի 16-ին եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ արդեն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը:

 

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից:

 

Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ ևս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը:

 

Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը, ով նաև հայտնի քաղաքական գործիչ է, եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին:

 

«Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինից «Գրական գիշեր» նախաձեռնությանը կընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատվածներ:

 

«Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը և ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման վայրը:

 

«Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ: «Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավելով գրողների և դերասանների, քաղաքական գործիչների և մտավորականների:
Ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ ևս կարևորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում: