Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մեդվեդևը որպես ՌԴ վարչապետ ողջունել է Սերժ Սարգսյանին և հույս է հայտնել, որ նախկինում ձևավորված սերտ համագործակցությունը և երկու երկրիների միջև ջերմ փոխհարաբերությունները ապագայում ևս կզարգանան:
ՌԴ վարչապետը, առիթն օգտագործելով, շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության` Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տանելու կապակցությամբ:
Նա հույս է հայտնել, որ կուսակցության խորհրդարանում ունեցած մեծամասնությունը երկրի առջև դրված սոցիալ տնտեսական հարցերի լուծման հնարավորություն կստեղծի:
«Որ դա Հայաստանի, որպես պետության անընդհատ զարգացման գրավականը դառնա», - ասել է Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ ՌԴ-ն ապագայում ևս կաջակցի Հայաստանին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով հանդիպման կարևորությունը, Դմիտրի Մեդվեդևին նոր պաշտոնում հաջողություն է մաղթել:









