Արագընթաց գնացքներ՝ մետրոյի «Չարբախ» կայարանից դեպի «Զվարթնոց»
Մետրոյի «Չարբախ» կայարանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող երթուղին պատրաստ կլինի մոտ 2-3 տարվա ընթացքում, այս մասին այսօր «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանում, Երևան-Բաթումի վերանորոգված գնացքի բացման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը:
«Ըստ նախագծի՝ երկաթգծի հարթակը պետք է ուղղվի դեպի մետրոյի հարթակ: «Հարավկովկասյան երկաթուղին» հետաքրքրված է սրա նկատմամբ: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, բոլոր աշխատանքները կսկսվեն հենց այս տարվանից»,- ասաց Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ մետրոյի «Չարբախ» կայարանից դեպի «Զվարթնոց» կուղևորվեն արագընթաց գնացքներ՝ ավելացնելով, որ նախագիծն արդեն պատրաստ է և այն նախատեսում է 7.2 կմ երկարությամբ ճանապարհի կառուցում:
Նախագիծն իրականացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Նախագծին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնակցությունը դեռևս քննարկման փուլում է:









