«Կենտրոն» հեռուստաընկերությունը նորից պատասխանատվության կենթարկվի, նրան կմիանա նաև «Երկիր Մեդիան»
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ուրբաթ՝ մայիսի 18-ին, կքննարկի «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՌԱՀ տարածած մամուլի հաղորդագրությունից, որում նշված է, որ ՀՌԱՀ վարչական շենքում տեղի կունենա հանձնաժողովի նիստ և օրակարգում ընդգրկված է երկու հարց. «Մուլտի մեդիա Կենտրոն Թի–վի» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) և «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:
Նշենք, որ 4 օր առաջ՝ մայիսի 11-ին ևս «Կենտրոն» հեռուստաընկերությունը ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 1 մլն դրամով։ Ըստ ՀՌԱՀ–ի «Կենտրոն»–ը վարչական պատասխանատվության ենթարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Նշենք, որ նշված դրույթի համաձայն՝ Ընտրությունների և հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Մասնավորապես, ըստ ՀՌԱՀ–ի եզրակացության «Կենտրոն»–ը ընտրությունների նախորդ՝ «Լռության օրը» խախտել էր նշված դրույթը և հեռուստաընկերության եթերում հնչել էր հակաքարոզչություն՝ ի դեմս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի՝ հեռուստաընկերության եթերում հնչած որոշ հայտարարությունների։
Նշենք, որ ՀՌԱՀ հաղորդագրության մեջ այս անգամ նշված չէ թե օրակարգում ներառված հարցերը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի որ դրույթների հետ են կապված։
Այնուամենայնիվ, ՀՌԱՀ–ից Tert.am–ին հայտնեցին, որ այս անգամ օրակարգում ներառված հարցերը, «Կենտրոն» ՀԸ–յան մասով, նոր խնդիրների են վերաբերում և նախորդ դեպքի հետ կապ չունեն։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ՀՌԱՀ ծանուցման մեջ նշված է, որ հեռուստաընկերությունը խախտել է Ընտրական օրենսգրքի 19 –րդ հոդված 3-րդ և 5-րդ մասերը: Այն է՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նրանց նախընտրական քարոզչական գործունեությունը լուսաբանելիս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը չի ապահովել ոչ խտրական պայմաններ:
Գեղամ Մանուկյանը մոտավոր ենթադրություն ունի, որ խոսքը ոչ հավասարաչափ լուսաբանման մասին է:
Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հարցը քաղաքական ենթատեքստ չունի և մասնավորապես, այս վարչական տույժը «Երկիր Մեդիա»–ում չե՞ն պայմանավորում ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից ձևավորված Միասնական շտաբի գործունեության համար «վրեժխնդրությամբ», դաշնակցական Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում և հավելեց. ««Երկիր Մեդիան» միասնական շտաբի անդամ կուսակցություն չի եղել»:
Գեղամ Մանուկյանը նաև կրկնեց, որ «Երկիր Մեդիան» դաշնակցական հեռուստաընկերություն չի: «Չնայած «Երկիր Մեդիա»– ում շատ հաճախ կարող են համակրել Դաշնակցությանը, սակայն, այն մասնավոր հեռուստաընկերություն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ ուրբաթ օրը հրավիրվելիք ՀՌԱՀ նիստին ներկա կլինի նաև հեռուստաընկերության փաստաբանը, ով հանձնաժողովին կներկայացնի հակընդդեմ փաստարկներ: Նշենք, որ այս պահի «Կենտրոն» հեռուստաընկերությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:
«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար, «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը Tert.am–ին խոստացավ մեկնաբանություններ տալ ավելի ուշ։









