«Երկիր Մեդիա»-ն DIY ակումբի տնօրենի մասին իր խոսքը կասի այսօր երեկոյան

16:07 • 15.05.12

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն իր հասցեին DIY ակումբի (համարվում է համասեռականների հավաքատեղի) տնօրեն Ծոմակի՝ Արմինե Օգանեզովայի հնչեցրած հայտարարությունները որակում է որպես «չարամիտ զրպարտություն» և չի բացառում, որ հայտարարության հեղինակին կանչի պատասխանատվության. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը:


Հիշեցնենք, որ ակումբի տնօրեն Ծոմակը, այսօր հայտարարելով, որ բազմաթիվ դաշնակցականներ կապ ունեն DIY ակումբի պայթեցման գործի հետ, նշել էր, թե ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն իրենից հարցազրույց խնդրեց իր՝ Թուրքիայում գեյ-շքերթին մասնակցելու առիթով և, ըստ Ծոմակի, աղավաղել էր իր հարցազրույցն ու իրեն «հանել» բացարձակ թշնամի։


Ծոմակի խոսքերին ի պատասխան, «Երկիր Մեդիա»-ի լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը միայն հավելեց, որ Ծոմակի հետ կապված հեռուստաընկերության պարզաբանումները կներկայացվեն այսօր, ժամը 20.00-ին՝ հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական թողարկման ժամանակ:


Այսօր ավելի վաղ Արմինե Օգանեզովան մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտարարել էր, որ երեկ կայացած փակ դատավարության ժամանակ, Ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդներից մեկի՝ Արամեի փաստաբան Մելանյա Առուստամյանը, հայտնել է, որ իր մեղադրյալի համար սահմանված մեկ միլիոն դրամ գրավը վճարել են Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ակումբը պայթուցիկ նյութ նետելու համար մեղադրվող երկու եղբայրներն ազատ են արձակված՝ մեկը՝ ստորագրության, մյուսն էլ՝ գրավի դիմաց:


Tert.am-ը հեռախոսազրույց ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ իր կոլեգաներն այս պատմության հետ որևէ առնչություն չունեն:


Tert.am-ին չհաջողվեց կապ հաստատել ո՛չ Հրայր Կարապետյանի հետ, քանի որ վերջինս ԱԺ պատվիրակության հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ո՛չ էլ Արծվիկ Մինասյանի հետ:


Արմինե Օգանեզովայի մամուլի ասուլիսին ներկա իրավաբան Մարինե Մարգարյանն էլ ասել էր, որ երիտասարդների խմբավորումը, որոնց անդամների թիվը հասնում է 30-40 հոգու, իրենց անվանել են «Հայաստանի սև ագռավներ» և կազմակերպված հարձակումներ են գործում ոչ միայն այս ակումբի, այլ նաև մի քանի նմանատիպ ակումբների վրա:
«Առաջին անգամ եմ լսում, բայց ասեմ, որ Դաշնակցությունն ընդհատակյա խմբավորումներ, կառույցներ ու կազմակերպություններ չունի: Ասեմ, որ այդ կլուբի մասին առանձնապես տեղյակ չեմ, լսել եմ սայթերից, որ ինչ-որ բան է եղել, բայց որ Արծվիկը, Հրայրը կապ ունեն... բացարձակապես»,- հակադարձեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արծվիկ Մինասյանն այս հարցով պարզաբանում է տվել Panorama.am կայքին և հաստատել է, որ ինքը երաշխավորություն է տվել և այդ երիտասարդները չեն խուսափելու նախաքննությունից և մասնակցելու են իրավական բոլոր գործընթացներին:

Լրագրողի հարցին, թե ինչու է նման քայլի գնացել, դաշնակցական պատգամավորն ասել է.«Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով այդ երիտասարդներին, գտնում եմ, որ իրենք նորմալ մարդիկ են, նորմալ անձնավորություն են, և դեռ քննությունը կպարզի, որքանո՞վ է իրավախախտումը համապատասխանում հասարակության վտանգավորության աստիճանի»:


Արծվիկ Մինասյանը չի թաքցրել, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ունի, բայց նաև նշել է, որ չի ցանկանում, որպեսզի դա օգտագործվի որպես հիմնական հակադրություն:


«Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Ծոմակի անձին, ապա դաշնակցական պատգամավորը հավելել է.«Ծոմակին ես երեկ հեռուստատեսությամբ եմ առաջին անգամ լսել, և համարում եմ, որ նրա տեսակը, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը»: