Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Մայիսի 15-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Այս մասին հաղորդում են ՀԱԿ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանագրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին քաղաքացիների մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների հետ, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաև զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետևանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են:
Քննարկվել են նաև ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի աշխատանքի արդունքները, ինչպես նաև Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հայցի հետ կապված հարցեր:









