Եվրոպական հարևանության քաղաքականության Երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցը Հայաստանի մասին
Եվրահանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը հրապարակել են ամենամյա «Հարևանության փաթեթի» 2012-ի զեկույցը, որը բաղկացած է համատեղ հայտարարությունից, առանձին «Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզ» առաջարկող համատեղ հայտարարությունից, Հարավային Միջերկրածովի հետ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և ընդհանուր բարօրության» զեկույցից, Արևելյան գործընկերության առաջընթացի զեկույցից, 12 երկրների վերաբերյալ զեկույցներից (2011-ի զարգացումների վերաբերյալ և ապագայի համար խորհուրդների ամբողջությամբ), այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, և վիճակագրական հավելումից:
Զեկույցում ասվում է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնության բանակցություններում զարգացում է եղել՝ դրական շարժով: Հայաստանը էական առաջընթաց է գրանցել «առանցքային խորհուրդների» իրագործման առումով՝ հնարավոր դարձնելով Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ընդհանուր առմամբ, Հայաստանը դրական առաջընթաց ունի ժողովրդավարության և մարդու իրավունքների ասպարեզներում:
Այս տարվա զեկույցի հիման վրա և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի հիման վրա 2012-ին Հայաստանին առաջարկվում է.
1. 2013-ին ծրագրված նախագահական ընտրություններից առաջ հայտնել թերացումները, որոնք մատնանշվել են ԵԱՀԿ/ԺԿՄԻԳ (Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի) կողմից՝ 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ընդունված միջազգային ժողովրդավարական ստանդարտներին լիովին համապատասխանելու համար:
2. Ավելացնել ջանքերը Ադրբեջանի հետ՝ մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մինսկի Խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա:
3. Անվերապահ մուտք տրամադրել ԵՄ ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:
4. Ամբողջովին հետաքննել 2008-ի մարտի բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերը և կալանման ընթացքում կալանավորներների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և արդարադատության պատշաճ գործընթացի խախտման մասին մեղադրանքները:
5. Ավարտին հասցնել և կենսագործել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության և Գործողությունների ծրագիրը:
6. Ավարտին հասցնել Խղճի և կրոնական ազատությունների օրինագիծը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև՝ կանոնադրությունը ալտերնատիվ քաղաքացիական ծառայության վերաբերյալ՝ Վենետիկի հանձնախմբի և ԵԱՀԿ-ի խորհուրդներին համապատասխան:
7. Ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, այդ թվում՝ հետագա քայլերի, որոնք կտանեն օրենսդրության ներդաշնակմանը ԵՄ իրավական ակտերին՝ գենդերային հավասարության և ապախտրականության ասպարեզներում:
8. Ուժեղացնել շեշտադրումը Հակակոռուպցիոն ռազմավարության վրա և մեծացնել կոռուպցիայի դեմ պայքարի իրավունակությունը:
9. Աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորինս շուտ փակման ուղղությամբ և ընդունել այդ կայանի հանձնման մանրամասն ծրագիր՝ հաշվի առնելով սթրես-թեստերի արդյունքը:
Զեկույցի «Քաղաքական երկխոսություն և բարեփոխություն» բաժնում արձանագրվում է, որ դրական քայլեր են արվել երկիրը առաջիկա ընտրություններին նախապատրաստելու համար՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և 2008-ի մարտի դեպքերին առնչվող մնացած մեղադրված անձանց համար նախագահական համաներմամբ: Սակայն մտահոգություն կա լրատվամիջոցների ազատության հարցում:
Արդյունավետ է գնահատվում անվտանգության ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը:
Զեկույցի համաձայն, Կրոնի ազատության ոլորտում նշանակալի առաջընթաց չկա: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը շարունակել է խնդիր մնալ 2011-ին՝ թե օրենսդրական, թե գործնական մակարդակներում:
Կառավարությունն ակտիվ է եղել երեխաների և գենդերային հավասարության վերաբերյալ իրավական ոլորտը ուժեցացնելու գործում:
Ընդգծվում է Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի հետագա ամրացման խնդիրը: Նորակոչիկների շրջանում, բանտերում և ոստիկանական բաժիններում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերը պատշաճ չեն հետաքննվում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները Մինսկի խմբի հետ 2011-ին զգալի արդյունքների չեն հանգեցնել:
«Տնտեսություն և սոցիալական բարեփոխություն» հատվածքում նշվում է, որ 2009-ի համաշխարհային ճգնաժամի հետևանքով վրա հասած դաժան ռեցեսեիայից հետո Հայաստանը վերականգնման խրախուսական նշաններ է ցույց տվել (2011-ին 4,6 % տոկոս աճ):
Հայաստանի տնտեսությանն աջակցություն է ցույց տվել Արժույթի միջազգային հիմնադրամը և բացառիկ դոնորային աջակցություն է եղել, այդ թվում՝ մակրոֆինանսական աջակցություն ԵՄ-ից՝ 100 մլն եվրոյի չափով:
2011-ին բնակչության 6%-ը գործազուրկ էր և 36%-ը չքավորության շեմից ցածր: 2008-2021թթ չքավորության նվազեցման ծրագիրը 2011-ին շարունակել է առկախված մնալ:
«Առևտրային հարցեր, շուկա և կարգավորման բարեփոխություն» հատվածում նշվում է, որ երկկողմ առևտուրը շարունակել է բարելավվել 2011-ին՝ 2009-ի դանդաղումից հետո՝ 18,2 % աճով անցած տարվա համեմատ: ԵՄ-ից Հայաստան ներմուծումն աճել է 15,7 %-ով, մինչդեռ դեպի ԵՄ արտահանումը Հայաստանից աճել է 23,3 %-ով:
23 օրենք է ընդունվել փետրվար-ապրիլին՝ գործարար միջավայրի բարելավման և ընկերություն հիմնելու գործընթացը թեթևացնելու նպատակով:
«Համագործակցություն արդարադատության, ազատության և անվտանգության շուրջ» հատվածում նշվում է, որ Հայաստանը ազգային ռազմավարություն է ընդունել և ծրագրեր կամ օրենսդրական շտկումներ՝ բարելավելու արդյունավետությունը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի թրաֆիքինգի, փողերի լվացման և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:









