Օլանդն ու Մերկելը չեն ցանկանում, որ Հունաստանը լքի եվրոգոտին

11:48 • 16.05.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բեռլինում հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ, որից հետո կայացել է նրանց համատեղ ասուլիսը: Նրանք նշել են, որ հանդիպման ընթացքում պայմանավորվել են համատեղ աշխատել Եվրոպայի քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, հայտնում է BBC-ն:

  

Ֆրանսիայի նորընտիր նախագահը նշել է, որ այս հանդիպումը վկայում է այն մասին, որ 2 երկրները ցանկանում են աշխատել միասին: Մերկելը, իր հերթին, հայտնել է, որ չի վախենում Ֆրանիսայի հետ ունեցած տարաձայնություններից:

 

«Իրականում իմ ու ֆրանսիացի նախագահի միջև ավելի շատ ընդհանրություններ կան, քան տարաձայնություններ»,- ասել է նա:


Նրանք համակարծիք են նաև Հունաստանի հարցում: Մերկելն ու Օլանդը հայտնել են, որ չեն ցանկանում, որ Աթենքը լքի եվրագոտին:

 

«Մենք գիտենք, որ հույն ժողովրդի մեծ մասը մեզ հետ համաձայն է»,- հայտարարել է Մերկելը` հավելելով, որ և Ֆրանսիան, և Գերմանիան պատրաստ են տնտեսական աճի կարգավորման առաջարկներ անել Հունաստանին:

 

Եթե Հունաստանը լքի եվրագոտին, ապա դրանից, առաջին հերթին, կտուժեն բանկերն ու կառավարությունները, որոնք «առատորեն» վարկեր են տրամադրել երկրին: Միայն Ֆրանսիան կարող է կորցնել մոտ 50 մլրդ դոլար: