Այսօր մեկնարկում է Ռատկո Մլադիչի դատավարությունը
Այսօր Հաագայի Միաջազգային դատարանում կմեկնարկի Բոսնիայի Սերբական Հանրապետության զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի դատավարությունը, տեղեկացնում է «Գուարդիան»-ը:
Մլադիչը մեղադրվում է 1992-95 թվականների Բոսնիայի պատերազմի ընթացքում Սրեբրենիցա քաղաքի 8,300 բոսնիացի մուսուլման տղամարդկանց կոտորածի մեջ:
Բոսնիայի պատերազմը համարվում է Երկրորդ Համաշխարհայինից հետո Եվրոպայում տեղի ունեցած ամենախոշոր առճակատումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազ մարդ:
70-ամյա Մլադիչը ձերբակալվել է 2011թ. մայիսի 26-ին: Մլադիչը համարվում էր ամենափնտրվող մարդկանցից մեկը, նույնիսկ Սերբիայի իշխանությունները տասը միլիոն եվրո էին խոստացել ժամանակին հետախուզման մեջ գտնվող գեներալի համար։
Գլխավոր դատախազ բելգիացի Սերժ Բրամերցն ասել է. «Ես կարիք չունեմ ասելու, թե որքան կարևոր է, որ 17 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից հետո այս դատավարությունը վերջապես մեկնարկում է»:
«Տուժածները վախենում էին, որ Մլադիչը կարող է մահանալ և դա շատ հիասթափեցուցիչ կլիներ նրանց համար, քանի որ նրանք արժանի դատավճռի են սպասում»,- ասել է «Սրեբրենիցայի մայրերը» խմբի անդամ, 42-ամյա Կադեֆա Մուջիչը, հավելելով, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, որ Մլադիչը պատերազմի հանցագործ է:
Հավելենք, որ Մլադիչը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները, դրանք բնորոշելով` «զզվելի» և «հրեշավոր»: Մլադիչի խոսքերով` ինքը պաշտպանել է իր երկիրն ու իր ժողովրդին:









