Ամերիկուհին սպանել է 4 երեխաներին ու ինքնասպան եղել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 33- ամյա մի կին սպանել է իր 4 երեխաներին, այնուհետ ինքնասպան եղել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով իրավապահներին:
Կրակոցի ձայներ լսելով` Թոմաս ընտանիքի հարևանուհին զանգահարել է ոստիկանություն: Րոպեներ անց, նրա դուռը թակել են մարդասպանի 3 երեխաները ու պատմել, որ նրանց վրա կրակում են: Սակայն մոր բղավոցից հետո, երեխաները վերադարձել են տուն, որտեղ էլ սպանվել են:
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջեզլինի, 15-ամյա Ջեքսի ու նրանց մոր (անունը չի հաղորդվում) դիերը: Իսկ 17-ամյա Փիբլսը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ոստիկանությանը հանցագործության պատճառներն անհայտ են: Ինչպես պատմել է մարդասպան կնոջ ծանոթը, մինչ ողբերգությունը նա sms հաղորդագրություն է ստացել կնոջից, որտեղ նա խնդրել է իրեն հուղարկավորել երեխաների հետ, սակայն ծանոթը հայտնել է, որ հաղորդագրությունը կարդացել է ուշացումով:
Ոստիկանությունից հայտնել են նաև, որ Թոմասների տուն բազմիցս են այցելել` ընտանեկան բռնությունների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:









