Պետդեպը ծիծաղելի է համարել Սիրիայի խորհրդարանական ընտրությունները

09:05 • 16.05.12

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը «ծիծաղելի» է անվանել Սիրիայում մայիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները` բռնությունների ֆոնին, և հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Մոտ կեսդարյա ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացված ընտրություններին, բացի կառավարող «ԲԱԱՍ» կուսակցությունից, և նրա դաշնակից Ազգային պրոգրեսիվ ճակատից, ընտրություններին մասնակցել է 7 այլ կուսակցություն, ինչպես նաև մի շարք անկախ թեկնածուներ: Համաձայն հրապարակված ցուցակի՝ նոր Ազգային ժողովում ընտրվել են 250 քաղաքական գործիչներ, սակայն հաղթողների անունները չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ իշխող «ԲԱԱՍ» կուսակցության ներկայացուցիչները երեկ արդեն տոնել են իրենց հաղթանակը։


«Մենք ծիծաղելի ենք համարում ընտրությունների անցկացումը մի երկրում, որտեղ բռնություններ են: Այնպես որ մենք այս ընտրություններին մեծ նշանակություն չենք տալիս: Մենք չենք կարծում, որ այս ընտրություններն արտացոլում են ազգի կամքը և չենք ճանաչում այս ընտրությունները»,- ասել է Նուլանդը:


Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Սիրիայում իրավիճակով և կոչ է անում իշխանություններին արագորեն իրագործել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի խնդրի կարգավորմանն ուղղված ծրագիրը: