Հայաստանը նայում է Եվրոպային. Տիգրան Սարգսյան
ԱՊՀ-ն զարգացման բարդ փուլ է անցել` անտարբերություն և վստահության պակաս հեռանկարներում: «Հաճախ էին լսվում խոսակցություններ, թե ԱՊՀ-ն առանց բռնակի ճամպրուկ է, որը տանելը շատ ծանր է, իսկ թողնելը` ցավալի: Այնուամենայնիվ, ինտեգրման գործընթացների իրականության ապացույցը դարձավ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը»,- ասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռուսական «Վեդոմոստի» թերթում լույս տեսած «Հայաստանը նայում է Եվրոպային» վերտառությամբ հոդվածում:
Ըստ ՀՀ վարչապետի` Հայաստանն ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տնտեսական կապերի խորացման ակտիվ կողմնակիցն է: Սակայն, նրա կարծիքով, մեր երկրի համար անիմաստ է Մաքսային միությանն անդամակցությունը` աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով:
«Չկան ընդհանուր սահմաններ ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս հարթակում կան փոխշահավետ համագործակցության այլ ձևեր: Ինտեգրման համար անհրաժեշտ են խթաններ, կա այսպես ասած` «հեռավոր տարածքների» փորձը, որի համաձայն` վերջիններս համագործակցում են միության շրջանակներում առավել մեղմ պայմաններով, ստանում են որոշակի սուբսիդիաներ: Մենք առաջարկել ենք Հայաստան- Մաքսային միություն համագործակցության հատուկ ձև: Հարցն այժմ գտնվում է բանակցությունների ակտիվ փուլում»,- նշել է հոդվածագիրը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով` ոչ մի հակասություն չկա նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրման գործընթացներին զուգահեռ, բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ վերջերս սկսվել են Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունները՝ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ:
«Մոտակա 2-3 տարիներին մեզ սպասվում է լարված աշխատանք` եվրոպական չափանիշերի ներդրման ուղղությամբ, որոնց համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Եվ ինչն ամենակարևորն է՝ արտադրական ու առևտրային ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխություն: Տնտեսությունը պետք է ենթարկվի լուրջ որակական փոփոխությունների»,- նշել է վարչապետը:
Ըստ Գործադիր մարմնի ղեկավարի` Հայաստանը պետք է եվրոպական չափանիշերին համապատասխանեցնի օրենսդրական դաշտն ու արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը, ինչը շատ ծավալուն և ծախսատար գործընթաց է:
«Սակայն առաջին հերթին դա մեզ է անհրաժեշտ: ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի` զգալիորեն կավելանան արտահանման ու ներկրկման ծավալները, կկրճատվի արտաքին առևտրի դեֆիցիտը», - գտնում է վարչապետը:
Ըստ նրա` Հայաստանի համար սա կարևոր է, քանի որ մեր երկիրը լուրջ պոտենցիալ ունի համաշխարհային շուկայում հայտնվելու առումով` որպես էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտահանող երկիր:









