ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ–ին, որը կոալիցիա կկազմի ՕԵԿ–ի հետ. ԳՄ նիստն ավարտվեց (տեսանյութեր)

19:02 • 24.05.12

21.20

Քիչ առաջ ՀՀԿ–ն հահայտարարություն  է տարածել, որում շարադրված են ստեղծված նոր քաղաքական իրավիճակում առաջիկա անելիքները ու հիմնական քաղաքական մոտեցումները։


20.32

ՀՀԿ–ն շնորհակալություն է հայտնում ԲՀԿ–ին անցած տարիների համագործակցության համար։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էդուարդ Շարմազանովը՝ հրաժարվելով նիստի բոլոր մանրամասները ներկայացնելուց, և ասեց, որ մեկ ժամ հետո ՀՀԿ–ն հաղորդագրություն կտարածի նիստի արդյունքների վերաբերյալ։ Մինչ այդ, այնուամենայնիվ, հակիրճ ներկայացնելով այդ հայտարարության բովանդակությունը, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ–ն շնորհակալություն է հայտնելու ընտրողներին քաղաքակիրթ ընտրություններ ապահովելու համար։ ՀՀԿ–ն նաև հայտարարելու է, որ իր համար մեծ պատիվ է՝ ընտրությունների արդյունքում ստացած ձայների քանակը։


Շարմազանովը նաև հայտնեց, որ հաշվի առնելով ՕԵԿ–ի դիրքորոշումը, ՀՀԿ–ն, որպես քաղաքական մեծամասնություն, այդ կուսակցության հետ կոալիցիա կկազմի։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոններին, ապա ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ դրանք կմնա ՀՀԿ–ին։

Այլ մանրամասներ կադրային հարցերի հետ կապված Շարմազանովը չհայտնեց։


Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Նախապես նախատեսված էր, որ այն սկսվելու էր ժամը 20.00, սակայն այն մեկնարկեց նախատեսվածից մեկ ժամ շուտ՝ 19.00։ Նիստին մասնակցելու համար այստեղ է ժամանել ՀՀԿ ողջ վերնախավը՝ այդ թվում և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը անակնկալ էր, ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ նա կողմ կլինի թիմի կարծիքին, իսկ թիմի կարծիքը կարտահայտվի նիստից հետո։
 

Այս նիստում, սպասվում է, որ տրվելու են բազմաթիվ ներքաղաքական հարցերի պատասխաններ։ Եթե մինչև այսօր կեսօր դեռևս հարցականի տակ էր՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ից հետո առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժը հանդիսացող ԲՀԿ–ի՝ ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարցը, ապա այսօր այդ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ այդ հարցը փակվեց, և ստեղծվեց մի նոր իրավիճակ։ Եվ ահա հենց այդ նոր իրավիճակին էլ համապատասխան որոշումներ է ակնկալվում, որ կընդունվեն ՀՀԿ այսօրվա ԳՄ նիստին։