ՀՀ դեսպանը Թաիլանդում խոսել է Հայաստանի ռազմավարական նշանակության խնդիրների մասին

16:12 • 25.05.12

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մայիսի 21-24-ը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին:


Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները «Կայուն Զարգացման Ծրագրի» (Sustainable Development Program) իրականացման գործընթացում:


Նա խոսել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրների մասին:


Նստաշրջանի ավարտին ընդունվել են ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործողությունների ծրագրեր նախանշող մի շարք բանաձևեր: