BMW-ն երկրորդ գործարանն է բացել Չինաստանում
BMW գերմանական կոնցեռնն իր երկարամյա գործընկերոջ` Brilliance China Automotive Holdings Ltd ընկերության հետ համատեղ, գործարան է բացել չինական Շենյան քաղաքում, որը երկրորդն է երկրում: DAPD գործակալության հաղորդմամբ` նոր ձեռնարկությունը նախատեսված է Х1 մոդելների ընդլայնված արտադրության համար:
BMW-ի կառավարման խորհրդի նախագահ Նորբերտ Ռայթհոֆերի խոսքով` երկրորդ գործարանի շահագործմամբ կոնցեռնը նախատեսում է ավելացնել Չինաստանում արտադրական հզորությունները` հասցնելով այն տարեկան 200 հազ մեքենայի:
Բացի այդ, կոնցեռնը մտադիր է չինական ընկերությունների հետ երկու գործարաններում մոտ 500 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչից հետո արտադրական ծավալները 2013թ.-ին կավելանան` հասնելով 300.000-ի, հայտնում է Deutsche Welle-ն:
Reuters գործակալության փոխանցմամբ` Չինաստանի բնակչության բարեկեցության մակարդակը վերջին տարիներին աճում է, իսկ դրանով նաև պահանջարկը ավտոշուկայում: Այսօր ավտոարտադրողների եկամուտները Չինաստանում կրկնակի ավելին են` աշխարհի այլ երկրների համեմատ:
BMW-ի չինաստանյան առաջին գործարանը բացվել է 2003-ին Դադունում:









