Պետք է կտրվել նավթադոլարներից ու քննադատորեն նայել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին. Euronews
Euronews հեռուստաընկերությունն Ադրբեջանում մարդու իրավունքներին նվիրված ռեպորտաժ է ցուցադրել: Տեսանյութում ներկայացվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի անցկացման օրն (մայիսի 24) Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության շենքի մոտ ընդդիմության անցկացրած խաղաղ ակցիան, որը, սակայն, ցրվել է ոստիկանության կողմից:
«Ավելի քան 30 մարդ ձերբակալվել է: Ակցիայի շատ մասնակիցներ բռնի ուժով նստեցվել են ավտոբուսներ ու քաղաքից դուրս տարվել»,- ասվում է ռեպորտաժում` հավելելով, որ ցուցարարները խոսքի ու հավաքների ազատություն, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակում ու նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում էին պահանջում:
Տեսանյութում մեջբերվում է այս երկրում մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը: Կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Ջոն Դալհոյզենը` մեկնաբանելով ադրբեջանական իրավիճակը, նշել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ` Եվրոպայի հեռարձակողների միությունը պետք է Ադրբեջանի իշխանությունների հետ խոսի առավել խիստ տոնով:
«Միությունը հանդես է գալիս որպես խոսքի ազատության կողմնակից, սակայն այս ազատությունները ոտնահարվում են Ադրբեջանում: Միջազգային հանրությունը պետք է հայացքը շեղի կասպյան նավթադոլարներից ու քննադատորեն նայի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»,- ասել է նա:
«Ադրբեջանի իշխանությունները մրցույթն օգտագործում են միջազգային հարթակներում երկիրը լավագույն կերպով ներկայացնելու նպատակով` ծախսելով հարյուր միլիոնավոր դոլարներ, երբ ընդդիմությունը փորձում է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել երկրում մարդու իրավունքների խնդիրների վրա` կազմակերպելով «Երկիր հանուն ժողովրդավարության» արշավը»,- եզրափակում է Euronews-ը:









