Հայաստանը «Եվրատեսիլը» բոյկոտում է սահմանին հայ զինվորի սպանության համար. CNN
Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ առավել քան ծեծված թեմային անդրադարձել է CNN-ը՝ լիովին արդարացնելով իր անվան հետ կապվող բազմիմաստ ասույթը, թե «Դուք չեք հաղթել պատերազմում, քանի դեռ CNN-ը չի հայտնել, որ դուք հաղթել եք պատերազմում»:
Սակայն ամերիկյան լրատվամիջոցի արձագանքն առանձնանում է մի շատ կարևոր կողմով. թերևս առաջին անգամ համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցը բարձրաձայնել է, որ «մարտին հարևան Հայաստանը բոյկոտել է մրցույթը՝ ընդհանուր սահմանին զինվորի սպանությունից հետո»:
Այս կտրվածքով CNN-ը զուգահեռ է անցկացնում ֆրանկիստական Իսպանիայի և ալիևյան Ադրբեջանի միջև՝ հիշեցնելով, թե ինչպես Ավստրիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլին» ի նշան ձայներ թռցնելու միջոցով մրցույթի անցկացումը Իսպանիա տեղափոխած Ֆրանկոյի ռեժիմի դեմ բողոքի:
Նմանապես 2005-ին Լիբանանը հրաժարվեց մուտք գործել «Եվրատեսիլ»՝ չցանկանալով հեռարձակում անել մրցույթի անցկացման երկրից՝ Իսրայելից: Ընդ որում՝ Լիբանանը նման իրավունք չունի ընդհուպ իրավական մակարդակում:
Ուշագրավ է, որ ամերիկյան լրատվամիջոցը «Եվրատեսիլը» «կիչային» է անվանում՝ մասնավորապես նշելով. «Չնայած ոմանց համար փուչ, կիչային լինելուն, «Եվրատեսիլը» վաղուց թեժ աշխարհաքաղաքական ցուցադրումների ֆորում է»:
Նշվում է նաև, որ եթե «Եվրատեսիլը» զուտ երգի մրցույթ լիներ, ստեղծումից մի քանի տարի անց կվերանար:









