«3+1». Բրյուսելում ցուցադրվել են հայ և լիտվացի նկարիչների գործերը
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, հայ և լիտվացի համայնքային գործիչների ջանքերով Բրյուսելի հեղինակավոր BRENART սրահում մայիսի 24-ին տեղի է ունեցել «3+1» անունը կրող ցուցահանդես:
Ըստ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ ցուցասրահում ներկայացված էին հայ և լիտվացի նկարիչներ Արմեն Բաբայանի, Լևոն Ախայանի, Յոնաս Դանիլիաուսկասի և նկարիչ-քանդակագործ Սուրեն Օհանյանի աշխատանքները:
ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր բացման խոսքում, կարևորելով նմանօրինակ մշակութային ձեռնարկների անցկացումը, ընդգծել է ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակից լինելու Բելգիայում հայ մշակույթի տարածմանն ու հաստատմանը:
Հատուկ շնորհակալություն հայտնելով արվեստագետներին և միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Ադոնցը հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել նկարիչներին:
Ցուցահանդեսի բացման արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա են եղել Բելգիայի գիտական ու մշակութային շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ և լիտվացի համայնքների ներկայացուցիչներ:









