Հայ կնոջը վրաերթի ենթարկած ռուս քննիչը խոստովանել է իր մեղքը

17:50 • 25.05.12

ՌԴ ներքին գործերի նախարարության Պյատիգորսկի քաղաքային վարչության 22-ամյա քննիչ Վալերի Կոպչուկը, ով կասկածվում էր 50-ամյա Կարինա Գալոյանին վրաերթի ենթարկելու մեջ, խոստովանել է իր մեղքը, հայտնում է Life News-ը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի քննչական տարածաշրջանային վարչության բաժանմունքի պետի օգնական Ելենա Ֆրոլովային:


Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, ավելի վաղ «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի մեքենայի տիրոջը հաջողվել էր համոզել քննիչներին, որ կապ չունի Գորյաչևոդսկի գյուղում տեղի ունեցած վթարի հետ, և նա չի եղել ղեկին, արդյունքում` ազատ էր արձակվել:

 

«22-ամյա Կոպչուկը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Ներկայում որոշվում է նրա խափանման միջոցի ընտրության հարցը»,- ասել է Ֆրոլովան:

 

Երեկվա դրությամբ` քննիչներին չէր հաջողվում պարզել, թե ով է եղել մեքենայի ղեկին: Ի դեպ, հարուցված քրեական գործի մեջ նշված չէր նաև զոհի ազգանունը` չնայած, որ Գալոյանի դին հանձնվել էր հարազատներին: Գործի նյութերում տուժողը նշվում էր` որպես «անձը չպարզված»:


50-ամյա կինը վրաերթի էր ենթարկվել աշխատանքի գնալու ճանապարհին: Գրեթե դատարկ ճանապարհով մեծ արագությամբ սլացող մեքենան հարվածել էր կնոջն ու շարունակել ճանապարհը: Գործի քննությունը սկսվել էր միայն այն բանից հետո, երբ համացանցում էր հայտնվել վթարի տեսագրությունը:

 

Կոպչուկին հեռացրել են համակարգից` ՆԳՆ աշխատակցի անունը արատավորելու համար: