Հայկական «Գելխեղդը» գնում է Վրաստան (տեսանյութ)

15:19 • 25.05.12

Մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ցուցահանդես-մրցույթին կմասնակցի «Գելխեղդ» ցեղատեսակի շունը, որպես հայկական ազգային շան ցեղատեսակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կինոլոգիայի միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Վերջինս նշեց նաև, որ հետագայում միջազգային կինոլոգներին կներկայացվի նաև վանա կատուն և ղարաբաղյան ձին:


«Ճիշտ է, մենք ամբողջ աշխարհում ճանաչել տվեցինք մեր կենդանիներին՝ ազգային շան ցեղատեսակը, բայց հարցը միայն այդ տեսակը ներկայացնելը չէ, սա ազգային հարց է, և պետք է կամաց-կամաց, ինչպես մեր կենդանիներին ենք աշխարհում ճանաչել տալիս, մյուս ոլորտների ներկայացուցիչներն էլ իրենց աշխատանքով պետք է Հայաստանի հարստությունները ներկայացնեն»,-ասաց Վիոլետա Գաբրիելյանը:

 

Վերջինս նշեց, որ ռուսաստանյան ներկայացուցիչները ցանկացել են մեր շան ցեղատեսակն անվանել «հայկական ավչարկա», սական հայակական կողմը դրան դեմ է եղել՝ պնդելով, որ «մեր շունը ավչարկա չէ, մերը գելխեղդ է»:


Վիոլետա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ին ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, Հայաստանից կմեկնի պատվիրակություն, իսկ մեր ազգային կենդանիները, ցուցահանդես- մրցույթին կմասնակցեն միայն հաղթելու տրամադրությամբ: «Մենք գնում ենք մեր ազգային շանը՝ մեր գելխեղդին ներկայացնելու և հաղթելու, ինչպես նաև մեր ազգային կոնյակով ու երաժշտությամբ ենք գնում մրցույթին»,-ասաց Վիոլետա  Գաբրիելյանը:


Վ. Գաբրիելյանը նաև բացատրեց, թե ինչո՞ւ է հայկական շան ցեղատեսակը կոչվում Գելխեղդ. «Քանի որ գայլը ամենագիշատիչ կենդանին է, իսկ նրան շատ քիչ կենդանիներ են կարողանում հաղթել, իսկ այս շան տեսակը հաղթում է և դրա համար էլ կոչվում է գելխեղդ: Աշխարհում Գելխեղդ ցեղատեսակի շուն կա երկու երկրում՝ Հայաստանում և Իռլանդիայում, սակայն ես հայտարարում եմ, որ հայկական գելխեղդը ամենահզոր և ուժեղ գելխեղդն է աշխարհում»,- նկատեց Վիոլետա  Գաբրիելյանը  , հիշեցնելով, որ այս ցեղատեսակն առաջինը Հայաստանում է հայտնաբերվել:

 

Գելխեղդ ցեղատեսակի շներն հիմնականում լինում են անտառներում, Լոռվա և Շիրակի դաշտավայրերում:

 

Հայաստանի կինոլոգիայի միության նախագահ նաև ընդգծեց, որ պետք է մտածել այս ցեղատեսակի պահպանության մասին: